Shared posts

24 Jun 08:10

Ռունաներ. ծագումն ու Առաջին Աեթը

by Bayandur Pogosyan
Hanumanum

test

Այստեղ հերթական անգամ կփորձեմ ռունաներին նվիրված առավել ամբողջական հայալեզու ռեսուրս ստեղծել: Պատմական մասը հիմնականում հենված կլինի Վիկիպեդիայի վրա, իսկ պրակտիկ մասի համար ավելի լուրջ աղբյուրներից կօգտվեմ՝ դրանք սեփական նյութերով դրանք լրացնելով:

Ռունաները գերմանիկ ծագման լեզուների այբուբենն են եղել մինչև քրիստոնեացմանը զուգահեռ լատինականներով փոխարինվելը: Բացի դրանից, նրանք կիրառվել են նաև դիվինացիայի (գուշակության) ու մոգության մեջ:

Ռունաները այբուբեն են կազմում: Սկանդինավյան տարբերակում այն կոչվում է Ֆութարկ (առաջին վեց ռունաների համար՝ Ֆեհու-Ուրուզ-Թուրիսազ-Անսուզ-Րայդո-Կաունան), իսկ անգլո-սաքսոնականում՝ Ֆութօրկ (նույն սկզբունքով, բայց հին անգլիական հնչյունափոխությամբ):

Ամենահին ռունագրությունները թվագրվում են մ.թ. 150 թվականի կողմերը:

Դանիայի Ֆունեն կղզում գտնված այս սանրը հայտնի ամենահին ռունագրություններից մեկն է պարունակում (մ.թ. 150-200 թթ), որը կարդացվում է «Հարյա» (տղամարդու անուն է):

Ամենահայտնի ռունային այբուբեններն են Ավագ Ֆութարկը, Հին Անգլիական Ֆութօրկն ու Կրտսեր Ֆութարկը: Կրտսերն իր հերթին բաժանվում է երկարաճյուղ ռունաների (հաճախ անվանում են «դանիական ռունաներ», թեև կիրառվում էին նաև Շվեդիայում ու Նորվեգիայում), կարճաճյուղ կամ «Ռյոկ» ռունաների (որոնց անվանում են նաև «շվեդո-նորվեգական», թեև կիրառվում էին նաև Դանիայում) ու Հելսինգե (անառանցք) ռունաներ:

Ռունային այբուբենների ծագումն անորոշ է: Ավագ Ֆութարկի շատ ռունաներ հիշեցնում են լատինական այբուբենի տառեր, բայց առավել մոտիկ են մ.թ.ա. հինգերորդից առաջին դարերում կիրառվող հյուսիս-իտալիկ այբուբեններին ու հին իտալիկ այբուբենին: Համեմատության համար որպես օրինակ վերցնենք աջ կողմի արձանագրությունն. այն ոչ թե սկանդինավյան, այլ հյուսիս-էտրուսկական ծագում ունի: Կարդացվում է աջից ձախ:

Ավագ Ֆութարկ
Ավագ Ֆութարկը կազմված է 24 ռունաներից, որոնք հաճախ բաժանվում են երեք «աեթների»՝ ությակների: Ռունաների անունները վերականգնված են պրոտո-գերմանիկ լեզվի միջոցով՝ հենվելով նրա վրա, թե ինչ անուններ էին տրվում համապատասխան ռունաներին ավելի ուշ ռունային այբուբեններում, ռունային բանաստեղծություններում, ինչպես նաև գոթական այբուբենի տառերի անունների միջոցով:

Ովքեր ցանկանում են ռունաներով գրել սովորել, կարող են տետր վերցնել ու կարդալուն զուգընթաց արտագրել բերվող ռունաները:

Իսլանդական ու նորվեգական ռունային երգերը, ցավոք, պատմում են միայն 16 ռունաների մասին: Գիտնական-ռունոլոգների կողմից առավել կանոնիկ է ընդունված համարել իսլանդական ռունային երգը, որը թվագրվում է 15-րդ դարին ու, չնայած լինելով առավել երիտասարդ, ամենականոնակարգվածն է: Քանի որ աշխատանքը նպատակ ունի դառնալ ռունաների մասին գիտելիքի լուրջ աղբյուր, համապատասխան ռունաների համար կբերվեն ինչպես ռունային երգի համապատասխան մասի օրիգինալ տեքստը, այնպես էլ թարգմանությունը: Թարգմանության վրա մի քիչ վստահ չեմ՝ անգլերենից եմ փոխադրում, եթե սխալներ գտնեք, ասեք:

Առաջին աեթ

Անունը. Fehu/Ֆեհու
Հնչողությունը. [f]
Նշանակությունը. «Հարստություն», «անասուններ» (եղջերավոր, ոչ թե օլիգարխ)

Ֆեհուն ներկայացնում է հարստություն, ավելի կոնկրետ՝ շարժական հարստություն: Հին սկանդինավյան ցեղերի մոտ մարդու հարստությունը հաճախ չափվում էր անասունների գլխաքանակով: Եթե նայեք ռունայի պատկերին, կովի կոտոշներ կտեսնեք:

Այս ռունան խիստ կանացի է, կապված լինելով պտղաբերության աստվածուհի Ֆրեյայի հետ: Ֆրեյային հաճախ անվանում էին «syr», ինչը նշանակում էր «հասուն էգ խոզ», իսկ խոզերը սուրբ էին՝ պտղաբերության հետ կապված լինելով:

Հին նորվեգական ռունային բանաստեղծությունը խոսում է նաև ֆեհու ռունայի բացասական կողմի մասին, հիշեցնելով, որ «հարստությունը պառակտում է գցում մտերիմների միջև, գայլը թափառում է անտառում»:

Ֆեհու ռունան կապված է կրակի հետ, լինելով այն նախնական կրակը, որը հանդիպեց սառույցին, որպեսզի ստեղծի Աուդհումլա սրբազան կով-նախամորը:

Ֆեհու ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Fé er frænda róg
ok flæðar viti
ok grafseiðs gata
aurum fylkir.
Թարգմանություն.
Հարստություն.
աղբյուր պառակտման մտերիմների,
կրակը ծովի
և ուղին օձի:
Ֆեհու ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Fé vældr frænda róge;
føðesk ulfr í skóge.
Թարգմանություն.
Հարստությունն աղբյուր է մտերիմների պառակտման,
գայլն ապրում է անտառում:

Անունը. Ūruz/Ուրուզ
Հնչողությունը. [u(ː)]
Նշանակությունը.«Վայրի ցուլ»

Երկրորդ ռունան Ուրուզն է, որը ներկայացնում է ուժ ու ճկունություն: Ռունայի ձևը հիշեցնում է վայրի ցուլ, որը պատրաստվում է հարձակման: Հին ժամանակներում տղան հասունության հասնելու համար պետք է գնար որսի ու առանց զենքի վայրի ցուլ սպաներ, որպեսզի ապացուցեր իր ուժը: Ուրուզ ռունան սերտորեն կապված է ջրի հետ ու սառույցի տարրերի հետ, նրա անվան մեկ ուրիշ տարբերակ հնչում է «ûram», «ջուր»/«հրաթեփ» նշանակությամբ:

Ուրուզ ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Úr er skýja grátr
ok skára þverrir
ok hirðis hatr.
umbre vísi
Թարգմանություն.
Ցնցուղ,
ողբն է ամպերի
ու ավերումը ծղոտի բերքի,
ատելի է նա հովվի համար:
Ուրուզ ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Úr er af illu jarne;
opt løypr ræinn á hjarne.
Թարգմանություն.
Հրաթեփ (шлак) է մնում վատ երկաթից,
Հյուսիսային եղջերուն հաճախ սլանում է սառած ձյան վրայով:

Անունը. Þurisaz/Թուրիսազ
Հնչողությունը. [θ], [ð]
Նշանակությունը. «Թոր աստվածը», «հսկա»

(հայերենում [θ] հնչյունի համարժեք չլինելու պատճառով մենք այն գրի կառնենք որպես «թ», որպեսզի տարբերակենք [t]՝ «տ» հնչյունից)

Թուրիսազը մի կողմից Թոր աստծո մուրճն է, որի միջոցով նա մարդկանց ու աստվածներին պաշտպանում էր հսկաներից՝ քաոսից, բնության չսանձված ուժերից, մյուս կողմից՝ ներկայացնում է նաև հենց նույն այդ քաոսը: Թուրիսազն արական, ֆալլիկ, ագրեսսիվ ռունա է, այն ունի նաև «փուշ» նշանակությունը:

Թուրիսազ ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Þurs er kvenna kvöl
ok kletta búi
ok varðrúnar verr.
Saturnus þengill.
Թարգմանություն.
Հսկա.
տառապանք կանանց
ժայռում բնակվող
ու ամուսինը հսկայուհու:
Ֆեհու ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Þurs vældr kvinna kvillu;
kátr værðr fár af illu.
Թարգմանություն.
Հսկան տառապանք է բերում կանանց,
դժբախտությունը քիչ մարդկանց կարող է ուրախացնել:

Անունը. Ansuz/Անսուզ
Հնչողությունը. [a(ː)]
Նշանակությունը. «Ասերից (աստվածներից) մեկը»

Անսուզն Օդինի ռունան է, այն հակակշռում է Թուրիսազին: Այն նման է Թափառականին, որի թիկնոցա ծածանվում է քամուց: Օդինը նաև կապակցող, հաղորդակցվող, խոսքի աստված է, ինչպես երևում է քամու հետ կապից:

Անսուզ ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Óss er algingautr
ok ásgarðs jöfurr,
ok valhallar vísi.
Jupiter oddviti.
Թարգմանություն.
Աստված.
տարեց Գաուտը
և արքայազնը Ասգարդի
և իշխանը Վալհալլայի:
Անսուզ ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Óss er flæstra færða
fo,r; en skalpr er sværða.
Թարգմանություն.
Գետաբերանն ուղին է շատ ճանապարհորդությունների,
բայց թրերին պատյան է:

Անունը. Raidô/Րայդո
Հնչողությունը. [r]
Նշանակությունը. «Ձի քշել», «ճանապարհորդություն»

Րայդոն ճանապարհորդության, ակտիվ շարժման ռունա է: Այն ունի հաստատող իմաստ:

Րայդո ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Reið er sitjandi sæla
ok snúðig ferð
ok jórs erfiði.
iter ræsir.
Թարգմանություն.
Ձի քշել.
ուրախությունը հեծյալի
և արագ ճամփորդություն
և չարչարանքը նժույգի:
Րայդո ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Ræið kveða rossom væsta;
Reginn sló sværðet bæzta.
Թարգմանություն.
Ասում են՝ ձի քշելուց վատ բան չկա ձիու համար,
Րեգինը դարբնեց լավագույն թուրը:

Անունը. Kenaz, Kaunan/Կենազ, Կաունան
Հնչողությունը. [k]
Նշանակությունը. «Ջահ» (kenaz), «խոց» (kaunan)

Խիստ ոչ միանշանակ ռունա է: Մի կողմից նշանակելով «ջահ»՝ լուսավորում, այն նաև ունի «Կաունան» անվանումը, որը նշանակում է «խոց, վերք»: Այս հակասությունը կարող է հղում լինել դեպի Օդինի՝ նիզակով ինքն իրեն Իգգդրասիլին (սկանդինավյան Կենաց Ծառին) մեխելու գործողությունը: Ռունան կապում են նաև Բիֆրոստ ծիածան-կամուրջը հսկող Հեյմդալ աստծու հետ, բայց Ավագ Էդայում և՛ Օդինը (Հյոնիրի ու Լոդուրի հետ միասին), և՛ Հեյմդալը նշվում են որպես «Մարդկանց Հայր»:

Կենազ/Կաունան ռունան հին իսլանդական ռունային երգի մեջ.
Kaun er barna böl
ok bardaga [för]
ok holdfúa hús.
flagella konungr.
Թարգմանություն.
Խոց.
Հիվանդություն՝ մահացու երեխաներին
ու ցավալի կետ
ու բնակատեղի նեխման:
Կենազ/Կաունան ռունան հին նորվեգական ռունային երգի մեջ.
Kaun er barna bo,lvan;
bo,l gørver nán fo,lvan.
Թարգմանություն.
Խոցը մահացու է երեխաներին,
մահը դիակը գունատ է դարձնում:

Անունը. Gebô/Գեբո
Հնչողությունը. [ɡ]
Նշանակությունը. «Պարգև», «նվեր»

Գեբո ռունան մարմնավորում է ինչպես պարգև ստանալն, այնպես էլ պարգև տալը, այդ թվում՝ աստվածներին առաջարկվող զոհաբերությունները:

Գեբո (գիֆու) ռունան անգլո-սաքսոնական ռունային երգի մեջ.
Fé er frænda róg
ok flæðar viti
ok grafseiðs gata
aurum fylkir.
Թարգմանություն.
Առատաձեռնությունը հարգանք ու պատիվ է բերում,
որոնք արժանապատվությունն են ավելացնում,
այն օգնություն ու կերակուր է տալիս ջարդված մարդկանց,
ովքեր մնացած ամեն ինչից զուրկ են:

Անունը. Wunjō/Վունյո
Հնչողությունը. [w]
Նշանակությունը. «Ուրախություն»

Առաջին աեթն ավարտվում է Վունյո ռունայով, որը սովորաբար կապում են Օդինի կին Ֆրիգգ աստվածուհի-մոր հետ:

Վունյո ռունան նշանակում է «ուրախություն», «երանություն»:

Վունյո (Վինն) ռունան անգլո-սաքսոնական ռունային երգի մեջ.
Ƿenne bruceþ, ðe can ƿeana lyt
sares and sorge and him sylfa hæf
blæd and blysse and eac byrga geniht.
Թարգմանություն.
Երանությունը վայելում է նա, ով ոչ ցավ գիտի,
ոչ ափսոսանք, ոչ անհանգստություն, ու ինքն ունի
բարգավաճում ու բավականաչափ լավ տուն: